
«Հայաստանի նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ջանքերը պետք է միտված լինեն ապրիլի 9-ին ժողովրդի հաղթանակը դե-յուրե հաստատելուն»: Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Փետրվարի 18-ի ընտրություններում ժողովուրդն ընտրել է իր նախագահին ի դեմս Րաֆֆիի հովհաննիսյանի: Ընտրված նախագահը ըստ Սահմանադրության պաշտոնը պետք է ստանձնի ապրիլի 9-ին: Նորընտիր նախագահի ջանքերը պետք է միտված այդ օրը ժողովրդի հաղթանակը դե-յուրե հաստատելուն»,- նշել է Փաշինյանը եւ հավելել, թե ամեն օրը ճակատագրական նշանակություն ունի:
«Ժողովուրդը ուզում է տեսնել, թե ինչպես եւ ում հետ է կառավարելու երկիրը Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինիս ջանքերը պետք է բացառապես միտված լինեն վստահելի կառավարության ստեղծմանը եւ Ազատության հրապարակին ներկայացնելուն: Ինքս ոչ մի պայմանով ոչ մի պարագայում չեմ հավակնում եւ չեմ լինելու այդ նոր կառավարության կազմում: Միայն դրանից է կախված Սերժ Սարգսյանի պաշտոնավարման էջը փակելու հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, թե պետք է 700 հարյուր հազար մարդ հրապարակում եւ 24 ժամ` Սերժ Սարգսյանին ժողովրդին հաղթանակը ճանաչել պարտադրելու համար: «Ժողովուրդն ինքն իր ընտրությունը պետք է ի ցույց դնի Հանրապետության հրապարակում: Ազատության հրապարակում մենք նվաճել ենք մեր ազատությունը եւ Հանրապետության հրապարակում ամրագրելու ենք այդ հաղթանակը, Սերժ Թանկյանի, Ռուբեն Հախվերդյանի հետ, ախալքալաքցիներով, երեւանցիներով, իջեւանցիներով, ծեր ու մանուկով Րաֆֆի Հովհաննիսյանին պիտի երդվեցնենք Հանրապետության հրապարակում»,- ազդարարել է ԱԺ պատգամավորը: