ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԵԶ ՎՐԱ ԱՅՆՔԱՆ ԷԺԱՆ ՉԻ ՆՍՏՈՒՄ, ԵՎ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԱՅՆՔԱՆ ԹԱՆԿ ՉԻ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ, ՈՐՔԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ
Այո, մեր շարժուձևը և պահվածքը շատ բան են ասում մեր մասին: Այդ պատճառով անչափ կարևոր է հետևել էթիկայի կանոններին: Իսկ ի՞նչ է Էթիական: Այն լուռ լեզու է, որի միջոցով կարելի է շատ բան հասկանալ և շատ բան ասել: Կարելի է ասել այն մեր մարմնի լեզուն է, որն անհնար է փոխարինել բառերով, քանի որ, եթե լեզուն հաճոյախոսում է մեր մասին, ապա մեր վարվելաձևը և պահվածքը խոսում են մեր իրական դեմքի մասին: Ոմանք մտածում են, թե ենթարկվելով էթիկայի կանոններին սահմանափակում են իրենց ազատությունը: Բայց այդպես մտածելը ճիշտ չէ, քանի որ բոլորիս բարոյական աշխարհում ներառված են բարությունը, ճշմարտասիրությունը, գեղեցիկի հանդեպ ձգտումը, ընկերասիրությունը, ազատությունը և սերը: Այսինքն, բոլոր մարդկանց հաճելի է, երբ իրենց հետ վերաբերվում են քաղաքավարի, հարգում են իրենց, լսում և հաշվի են առնում իրենց կարծիքը: Եթե չհետևենք մեր շրջապատում ընդունված քաղաքավարության կանոններին, ապա հաճախ կհայտնվենք տհաճ և անհասկանալի իրավիճակներում: Ուրեմն եկեք փորձենք կատարելապես տիրապետել էթիկայի լեզվին: