Շոու-բիզնեսի միայնակ մայրերը։ Կարող եք տեսնել այստեղ

Յուրաքանչյուր կին ծնված է մայր լինելու համար: Բնությամբ տրված այս հրաշալի «կոչումը» իրագործել յուրաքանչյուր կնոջ յուրովի է հաջողվում: Երեխան պարգև է` ի վերուստ տրված:

Միայնակ մոր կարգավիճակն ու բնութագրումը թեև ոչ բոլորին է հաճելի, բայց միևնույն է նրանք օրհնված են, քանի որ ունեն իրենց մեծագույն պարգևը` երեխա:

Չնայած նրանցից Իրինա Դանիելյանի, երգչուհիներ Անչոկի և Լիլիթ Կարապետյանի դեպքում ճիշտ չէ ասել, որ միայնակ են մեծացնում իրենց երեխաներին, քանի որ հայրական սիրուց ու աջակցությունից այսօր էլ զուրկ չեն նրանց փոքրիկները:




Արմինկա

Երբ զրուցում էի երգչուհի Արմինկայի հետ, նրա որդին` երկուսուկեսամյա Ալեքսը, ցանկություն հայտնեց զրուցել ինձ հետ և անձամբ պատասխանել հարցերիս: Նա մասնավորապես ասաց, որ ամենաշատը նարինջ է սիրում, պատմեց, թե ինչպես է բակում ձնե մարդ պատրաստել, որի քիթիկը գազար էր: Ալեքսն այժմ խմբակ է հաճախում, որտեղ խաղում է պլաստիլիններով, նկարում է, ինչպես նաև շատ է սիրում շփվել մարդկանց ու երեխաների հետ (ինչում համոզվեցի նաև ինքս-հեղ.):

Երգչուհու խոսքերով` իր համար այնքան էլ դժվար չէ միայնակ մայր լինելը. Ամեն մարդ ինքն է ընտրում.չէ՞որ երեխա մեծացնելն ու խնամելը պատասխանատու գործ է, անկախ նրանից` միայնա՞կ ես, թե՞ երեխան հայր ունի: Եթե մի բան շատ ես ուզում, պետք է պատրաստ լինես նաև զոհաբերությունների. որոշակի առումով սահմանափակվում է ազատությունդ: Իմ պարագայում, օրինակ, հրաժարվել եմ ճամփորդություններից, հյուրախաղերից»: Տանն Ալեքսին ընդունում են որպես մեծի ու սիրում են որպես փոքրի: Փոքրիկն էլ իր հերթին նվերներ է մատուցում մայրիկին: «Շատ հաճախ լեգոներով ծաղկեփունջ է պատրաստում ու նվիրում ինձ` ասելով` մամա, ծնունդը հավոր, հետո էլ պահանջում է, որ իրեն պաչիկ անեմ ծաղկի համար»,- մեծ հպարտությամբ պատմեց երգչուհին:

Փոքրիկ Ալեքսին քույր կամ եղբայր «պարգևելու» մասին խոսելիս երգչուհին նշեց. «Դա ապագայի հարց է, ինչպես մինչ այժմ է եղել: Կանայք հասարակության կարծիքին հետևելով` իրենց դատապարտում են միայնության, մինչդեռ ամեն մարդ իր համար է ապրում ու ինքն է որոշում իր քայլերը»:

 


Իրինա Դանիելյան

Հայտնի դերասանուհի Իրինա Դանիելյանի և Հրանտ Թոխատյանի ընտանեկան համատեղ կյանքը թեև հարատև չէր, սակայն դրանից իրենց որդու, ում կոչել են հոր անունով` Հրանտ (ինչպես բոլորն են ասում` Հայկ), հետագա դաստիարակության հարցում հոր պակասը չի զգացվել: Ըստ Իրինայի` իրենց տղայի հանդեպ Հրանտի հոգատարությունն ու աջակցությունը միշտ էլ մեծ է եղել, ու առավելագույնս ուշադիր: «Իմ բախտն իսկապես բերել է, քանի որ բոլոր խնդիրներն ի սկզբանե լուծվել են երկուսիս կողմից էլ: Հրանտը միշտ էլ շատ ուշադիր հայր է եղել»,- շեշտեց Իրինան: Նշենք, որ Հայկը այժմ սովորում է Սլավոնական համալսարանի գովազդի բաժնում: Իրինայի փոխանցմամբ` տղան փոքր տարիքում իրեն բացիկներ էր նվիրում. անցած Մարտի 8-ին դարձյալ ծաղիկներով է շնորհավորել մայրիկին:





Գայանե Ասլամազյան

Ներկայումս դերասանուհու և հաղորդավարուհու աշխատանքներով զբաղվող Գայանե Ասլամազյանի խոսքերով` որդին իր կյանքի ամենամեծ պարգևն է: Գայանեի համոզմամբ` յուրաքանչյուր մարդու ճակատագիր յուրովի է դասավորվում. «Իմ կյանքում ամեն ինչ օրինաչափ էր: Ամուսնացել եմ, ծնվել է տղաս, այնուհետև ամուսնալուծվել եմ»: Գայանեի որդին` Ալեքսանդրը, 13 տարեկան է. սովորում է Հակոբ Կոջոյանի անվան դպրոցում, շատ է սիրում նկարել, քանդակել, գրքեր կարդալ: Երեխային մեծացնելու դժվարությունների մասին խոսելիս դերասանուհին նշեց. «Միայնակ, իհարկե, դժվար կլիներ, բայց ունեմ ընտանիք, որն ինձ շատ է օգնում: Մայրը տղայի համար շատ կարևոր անձ է, սակայն տղամարդու օրինակ ևս պետք է լինի. տղայիս այդ հարցում շատ է օգնում մեր ընտանիքի քավորը, ով նաև նրա քավորն է»: Գայանեն կարծում է, որ կինն իսկապես երջանիկ է, երբ զավակ ունի: «Ընդունում եմ այն կանանց, ովքեր, չկարողանալով դասավորել իրենց կյանքը, զավակ են ունենում. դա կնոջ համար շատ կարևոր է: Երեխան այն մասնիկն է, ով կնոջը միշտ հիշեցնում է կին լինելու մասին»,- ավելացրեց հաղորդավարուհին: Նրա խոսքերով` մտածել է էլի երեխա ունենալու մասին: «Ինքս ընտանիքի միակ երեխան եմ ու միշտ քույր կամ եղբոր պակաս եմ զգացել, ինչը, կարծում եմ, ազդել է նաև բնավորությանս վրա: Հուսամ` դեռևս ընտանիք կկազմեմ ու էլի երեխաներ կունենամ, որովհետև դա իրոք մեծ շնորհ է»,- համոզված է հեռուստադեմքը: Գայանեն հպարտությամբ պատմեց, որ այս տարի որդին` որպես տան տղամարդ, Մարտի 8-ի սեղանի գինին ինքն է ապահովել:

 


Լիլիթ Կարապետյան

Երգչուհի Լիլիթ Կարապետյանի որդին` Կարեն-Ալեքսը, ԱՄՆ-ի քաղաքացի է և, ինչպես Լիլիթն է նշում, նրան կյանք տալու համար ստիպված է եղել ԱՄՆ մեկնել: «Շատ ծանր հղիություն եմ ունեցել, բայց այն, որ այժմ նա ինձ մամա է ասում, շատ ուրախալի է»,- անկեղծ ասաց Լիլիթը: Երգչուհին իրեն միայնակ մայր չի համարում, քանի որ երեխայի հոր` երգիչ Դավիթ Թուջարյանի կողմից աջակցությունը շատ մեծ է. «Երբեք մենակ չեմ եղել, Դավիթը միշտ երեխայի կողքին է, ամեն ինչով օգնում է: Անընդհատ գալիս, տեսնում է, իրենց տուն ու բարեկամների մոտ է տանում: Իսկ երեխային մեծացնելու հարցում ինձ շատ է օգնում մայրիկս. ամեն ինչ նա է անում»: Լիլիթի խոսքերով` Կարենչիկը շատ ընդունակ երեխա է. դեռ երեք տարեկան չկա, բայց պարբերաբար ասում է, որ ցանկանում է դպրոց գնալ: «Նաև շատ լավ «սլուխ» ունի, ռիթմով երգում ու ծափահարում է. սիրում է շփվել մեծահասակների հետ. ասում է` «hi տատիկ, hi պապիկ», ձեռքին ինչ լինում է, նրանց է տալիս: Իսկ Մարտի 8-ին, երբ տատիկի հետ դուրս էր գնացել, վերադարձավ ծաղկեփնջով ու շնորհավորեց ինձ. այնքան էի ուրախացել»,- պատմեց Լիլիթը: Նրա համոզմամբ` ամեն մարդ ինքն է իր ճակատագիրը տնօրինում. «Պետք չէ հասարակությանը զոհ գնալ, որովհետև երբ դժբախտ ես, հասարակությունը քեզ չի աջակցում»: Աշխատանքային նորությունների մասին խոսելիս Լիլիթն ասաց, որ փոքրիկի հետ չի կարողանում ավարտին հասցնել նոր ձայնասկավառակը, որի համար ընդամենը մեկ երգ է պակասում. երգչուհին նաև նոր տեսահոլովակ կունենա:

 


Անչոկ

Չորսամյա Զորիկը (Զոհրապ) երգչուհի Անչոկի որդին է, ով այժմ հաճախում է լողի, սիրում է շա՜տ խաղալիքներով խաղալ իր սենյակում, սիրում է նաև համակարգիչ ու լողանալ: Անչոկի խոսքերով` Զորիկի հայրը շատ է օգնում երեխային մեծացնելու հարցում. «Նա հազվադեպ լավ հայրիկներից է. ամեն օր տղայիս մանկապարտեզ է տանում, այնուհետև` լողի: Դրա համար էլ չեմ կարող ասել, որ միայնակ եմ մեծացնում փոքրիկիս. ինձ օգնում են նաև ընտանիքիս անդամները»: Երգչուհին նշեց, որ այլևս չի ցանկանում երեխա ունենալ, բայց մտածում է երեխա որդեգրելու մասին: «Շրջապատում ինձ փորձում են հակառակը համոզել, բայց մեկ է` ժամանակ առ ժամանակ ես էլի մտածում եմ այդ մասին»,- մանրամասնեց երգչուհին:

Տեղեկացանք նաև, որ մոտ երկու տարի է` ընկերուհու հետ ակումբ են բացել, որտեղ էլ ինքը երգում է:

Անչոկը նաև նոր երգեր է ձայնագրել, իսկ վերջերս ներկայացրել է տեսահոլովակ, որը կոչվում է «Քանի հոգիս գիտեր սպասել»:

 


Շուշանիկ Արևշատյան

«Ռադիո Վան»-ի տնօրինուհի Շուշանիկ Արևշատյանը երկու երեխա ունի: Ավագը` 26-ամյա Աննան, սովորում է Մոսկվայի պետական թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետում, մի քանի կարճամետրաժ ֆիլմերի մրցանակակիր է: Իսկ որդին` քսանամյա Էդուարդը, սովորում է Երևանի թատերական ինստիտուտում` վավերագրական ֆիլմերի ռեժիսուրայի բաժնում: Տկն Շուշանիկն ասաց, որ միայնակ չի մեծացրել երեխաներին, և շատ ավելի մեծ է եղել ծնողների օգնությունն ու դերը, քան ենթադրյալ հայրիկի: «Բոլորս միասին ծնողներիս հետ ենք ապրում. եթե երեխաները հայր չունեն, պետք է նրանց համար ապահովել գոնե մեծ սերնդի դերը. մեծերի օրինակը շատ կարևոր է: Պատանեկության տարիքում տղայիս հետ կապված հարցեր են եղել, որոնց մասին նա չէր կարող «կիսվել» ինձ հետ: Պապիկը ևս չէր կարող օգնել նրան, քանի որ բավականին տարբեր սերունդներ են ներկայացնում: Իսկ երբ տղան դրանց մասին չի «կիսվում» որևէ մեկի հետ, դառնում է խնդիր: Այս հարցում ինձ շատ է օգնել ռադիոյի անձնակազմը. նրանք տղայական խորհուրդներ են տվել որդուս,- նշեց ռադիոյի ղեկավարն ու ավելացրեց,- կարծում եմ` երեխաները պետք է ապրեն լավ ընտանիքում, որտեղ լինի համերաշխություն, սեր ու հարգանք, իսկ եթե սեր չկա, ապա պետք է գոնե լավ պայմաններ ստեղծել»: Տկն Շուշանիկի խոսքերով` շատ է սիրում այնպիսի նվերներ ստանալ, որոնց մեջ ինչ-որ խորհուրդ կա. «Մի անգամ երեխաներս ինձ շարֆ էին նվիրել, որն իրենք էին պատրաստել. մեկ ամիս բատիկայի էին գնացել, որպեսզի կարողանան սեփական ձեռքերով նկարել շարֆի վրա: Այդ նվերը շատ եմ հավանել, ու մինչ օրս էլ օգտագործում եմ»:

 





Էլլա  Տարունց

Երգչուհի Էլլա Տարունցի համոզմամբ` երեխային միայնակ մեծացնելու դեպքում նրա մոտ առաջ են գալիս հոգեբանական խնդիրներ, ստիպված ես լինում անընդհատ ինչ-որ հարցերի պատասխանել: «Երեխային միայնակ մեծացնելը դժվար է: Երբ 92-ին ծնվեց տղաս, ֆինանսական խնդիրները ևս դժվար էր լուծել. բավականին վատ ժամանակաշրջան էր: Ինչքան էլ կինն ուժեղ լինի, տղամարդու ուժն ու խորհուրդն ավելի կարևոր է: Որպես մայր` որքան էլ ուժեղ լինես, ժամանակ է գալիս, որ թուլանում ես»,- խոստովանեց Էլլան: Նրա որդին` Խորենը, այժմ ծառայում է հայոց բանակում: Երգչուհին նշեց, որ երբ տղան փոքր էր, մայրիկից գումար էր վերցնում և ծաղիկներ գնում նրա համար: Որդու ծնունդից հետո ամուսնալուծված երգչուհու կարծիքով` գիտակցված միայնակ մայր լինելն ավելի դժվար է: «Այսօր դրան հաստատ չեմ դիմի: Այդ քայլը մի քիչ եսասիրություն եմ համարում, քանի որ երեխաների մոտ հաստատ ինչ-որ բան թերի է մնում, որովհետև միայն նրան կերակրելն ու պահելը չէ»,- մանրամասնեց երգչուհին` բոլոր մայրերին մաղթելով խելացի որոշումներ կայացնել ու կյանքում երջանիկ լինել:

Նշենք, որ իրենց երեխաներին միայնակ են մեծացնում նաև երգչուհիներ Գոգան ու Իկան, դերասանուհի Կայա Խուրշուդյանն ու նախկինում հաղորդավարուհի Աննա Կոկչյանը:



Հ.Գ. Ինքներս էլ խրախուսում ենք մայր դառնալը, անկախ նրանից` միայնակ ես, թե ամուսնացած: Կինը մնում է կին, ով ստեղծված է մայր լինելու, սերունդ տալու, կյանքի շարունակականությունն ապահովելու համար, իսկ հասարակությունը պետք է շատ ավելի հանդուրժող, նրբանկատ և հոգատար լինի:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });